ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց պատմության վերջին շրջանի ողբերգական էջերը պայմանավորված են եղել անմիջական հարևանների՝ Օսմանյան կայսրության (Թուրքիա) և Ադրբեջանի թշնամական գործողություններով։ Իր բնակության պատմական տարածքներից հայությանը ցեղասպանության և հայրենազրկման ճանապարհով ոճրագործ դուրսմղումը վավերացնելու նպատակով այդ երկրները որդեգրել են կեղծարարության պետական քաղաքականություն:

Միայն վերջին տասնամյակներում է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ (այդ թվում նաև Եվրամիություն) և պետություններ պետական մակարդակով իրենց վերաբերմունքը դրսևորել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հարցը թևակոխել է ավելի պատասխանատու փուլ: Միջազգային իրավական ատյանները համապատասխան նյութեր նախապատրաստելու պարագայում, շուտով ծանրակշիռ հիմքեր կունենան անդրադառնալու 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության դատապարտմանը համապատասխան նյութական և տարածքային հատուցման որոշումներով:

20-րդ դարում Ադրբեջանն իր հերթին շարունակեց Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը: Դրա վառ ապացույցն են 1918թ սեպտեմբերին Բաքվի, 1920թ մարտին Շուշիի տասնյակ հազարավոր հայերի, 1988թ Սումգայիթի, 1990թ Բաքվի հայության կոտորածները: Այսօր էլ Հայաստանի և հայերի նկատմամբ ներկայիս ադրբեջանական իշխանությունները շարունակում են հայատյաց քաղաքականությունը, Թուրքիայի՝ ամեն կերպ Ադրբեջանի նկատմամբ իրականացվող հովանավորչության պայմաններում: Կասկած չկա, որ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը այսօր էլ նշված պետությունների օրակարգում է:

Մեր համոզմամբ, միայն միջազգային հանրության կողմից նման քաղաքականության դատապարտումը, միջազգային դատարանների իրավական գնահատականը, համապատասխան հատուցումը, նշված պետությունների ոճրագործության ընդունումն է ի վիճակի փոխելու հարևանների հայատյաց քաղաքականութունը: Միայն այդ դեպքում նախադրյալներ կստեղծեվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հետագա հարաբերությունների համար:

Կազմակերպության նպատակն է սատարել միջազգային իրավական արժեք ներկայացնող բազմալեզու վավերագրերի հրատարակությանը: Դրանք որոշակի դեր կունենան պատմական ճշմարտությունը համաշխարհային հանրությանը իրազեկելու գործում, ինչպես նաև կօժանդակեն մեր պետությանը միջազգային ատյաններում նախապատրաստված հանդես գալու համար։

Կազմակերպության նպատակն է նաև սատարել շնորհանդեսների, գիտաժողովների և խորհրդակցությունների կազմակերպմանը, որոնք նպատակաուղղված են հակազդելու հայոց ինքնության հիմքերին սպառնացող տեղեկատվական կեղծիքներին, ինչպես նաև նրանց կողմից համապատասխան հակազդեցության միջոցներ մշակելուն։


Նշված խնդիրները «ՎԱՆ» հասարակական կազմակերպությունը պատրաստ է իրականացնել բոլոր նրանց հետ, ովքեր անտարբեր չեն հայի ազգային արժեքների, պատմական անարդարությունների և Հայաստան աշխահի հետագա քաղաքակիրթ հարատևման նկատմամբ և հնարավորության սահմաններում իրենց նպաստը կբերեն այդ սուրբ գործին։

© 2024 ՎԱՆ հասարակական կազմակերպություն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: